Վազգեն Մանուկյան

Վազգեն Միքայելի Մանուկյան (փետրվարի 13, 1946թվականին) հայ ազգային, պետական, քաղաքական գործիչ: Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար՝ Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1992-1993 թվականներին:

Վազգեն Մանուկյան
Վազգեն Մանուկյան

1988 թվականի փետրվարից «Ղարաբաղ» կոմիտեի համահիմնադիր և կոմիտեի անդամ, 1988 թվականի հունիսից` «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը: 1988թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվել է, 6 ամիս անցկացրել Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» բանտում: Եղել է «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության համահիմնադիր և վարչության առաջին նախագահ[4]: 1990-1995 թվականներին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1995-2007 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: 1990-1991 թվականներին՝ ՀՀ վարչապետ: 1991 թվականի սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից: 1991 թվականի շարժման ակտիվ մասնակիցների և համախոհների հետ նախաձեռնել է Ազգային Ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության հիմնադրումը: 1991 թվականից ԱԺՄ կուսակցության վարչության նախագահ: 1992 թվականի սեպտեմբերն նշանակվել է ՀՀ պետնախարարի, այսուհետև պաշտպանության նախարար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը: Վազգեն Մանուկյանի օրոք ձևավորվել է կանոնավոր հայկական բանակը, փոխվել պատերազմի ընթացքը, և երբ հայկական կողմն անընդմեջ հաղթանակ էր տանում, 1993 թվականի օգոստոսին ազատվել է պաշտոնից: 2009 թվականի մարտից 2019 թվականի դեկտեմբեր ՀՀ Հանրային խորհրդի նախագահն էր: 2019 թվականից՝ «Վերնատուն» հասարակական քաղաքական ակումբի նախագահ:

2019 թվականին, ընդառաջ գնալով Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ընթացող զարգացումներին, առկա խնդիրներին ու վտանգներին, Վազգեն Մանուկյանը հիմնում է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը։ Ակումբի նպատակն է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքականապես ակտիվ անհատների ջանքերի շնորհիվ նպաստել մեր երկրում առողջ միջավայրի ձևավորմանն ու հանրային կոնսոլիդացիային, նպաստելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների հաղթահարմանը և ապագային միտված ուղենիշների ու գաղափարների ձևավորմանը։